Ֆրանսիայի Ազգային ժողովը (Ֆրանսիայի երկպալատանի խորհրդարանի ստորին պալատը), ինչպես արդեն հայտնի է, հունիսի 27-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրինագիծ, որը, սակայն, ըստ հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանի, խաբեություն է, բլեֆ և իրականում հնարավորություն չի տալիս Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկել:

 

 

Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, Ֆրանսիայում գործող «Ազատություն' պատմության համար» կուսակցության նախագահ, Ֆրանսիայում Թուրքիայի թիվ 1 մարդը (ոչ պաշտոնական խոսնակը) համարվող, մեզ թշնամի այդ պետության լոբբինգով զբաղվող, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Շվեյցարիայի Փերինչեքի դատական հաղթանակը շնորհավորած հրեա Քում Քափը ողջունելով հիշյալ օրինագծի ընդունումը, ասել է, որ դրանում առաջին անգամ տեղ գտան այն դրույթները, որոնք մենք տարիներ շարունակ բարձրաձայնում էինք: Ըստ Հացպանյանի, սա արդեն ամեն ինչ ասում է նշված օրինագծի վերաբերյալ, ինչպես և այն փաստը, որ տվյալ օրինագծի ընդունումը չի առաջացրել Թուրքիայի հակազդեցությունը (քննադատությունը, դատապարտումը, սպառնալիքները): Ըստ մեր զրուցակցի, Քում Քափն այն հայատյաց սրիկան է, որ դրանից ոչ շատ առաջ հայտարարել է, թե որտեղ երեք ճանճ են սատկացնում, փորձում են դա համարել ցեղասպանություն և դրա ժխտումը քրեականացնող օրինագիծ անցկացնել…

 

 

Սարգիս Հացպանյանը ցավով է նշում, որ Հայաստանում ու Սփյուռքում շատ-շատերն առանց կարդալու հիշյալ օրինագիծը, մեծ ուրախությամբ ողջունել են դրա ընդունումը, ավելորդ կերպով ոգևորվել ու շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդին, օրինագիծն ընդունողներին, Ֆրանսիայի իշխանություններին: Օրինագծի ընդունումը ողջունողների թվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը, սակայն, ի տարբերություն «շարքային մահկանացուների», պարզապես չէր կարող մինչ այդ կարդացած չլինել այդ օրինագիծը:

 

 

«Մենք հերթական անգամ կոտրած տաշտակի առջև ենք գտնվում և երբևէ չենք հասկանում, թե ինչու մեզ ուրիշներն անմեղսունակի տեղ են դնում կամ մենք ինքներս ենք թերանում, որ մեղ մեղքով ուրիշները կարողանում են այսպես վարվել, ինչպես ասում են, մեր գլխին այսպիսի խաղ խաղալ,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Երբ այս օրինագիծն ընդունվել էր, գիշերը շատ ուշ ժամի մի ընկեր ինձ զանգեց, որպեսզի շնորհավորի: Ասացի' ես, ճիշտն ասած, քեզանից եմ լսել, որ նման բան է տեղի ունեցել, սա երևի Օլանդի նախընտրական խոստումը կատարելուն նպատակաուղղված մի քայլ է, ապա հարցրեցի' իսկ կարդացե՞լ ես տեքստը… Բա թե' չէ, բայց, Սարգիս, սա միաձայն է անցել: Կարճ ժամանակ հետո արդեն ինձ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ավելի քան 570 պատգամավորից օրինագծի ընդունման քվեարկությանը ներկա է գտնվել ու մասնակցել ընդամենը 21-ը, եթե, ասենք, 7 հոգի լիներ, յոթ պատգամավորի քվեարկությամբ պետք է անցներ և անունը դրվեր, որ միաձայն է ընդունվել: Խայտառակություն է»:

 

 

Բուն խնդիրը, սակայն, վերը նշվածը չէ: Կարդալով ընդունված օրինագծի շարադրանքը, Հացպանյանը, ինչպես ինքն ասաց, շշմել է, երկու ձեռքով բռնել գլուխը ու մտածել, թե ինչ պետք է անել, որ այս օրինագիծը Սենատում (Ֆրանսիայի երկպալատանի խորհրդարանի վերին պալատ) չհաստատվի կամ չընդունվի: Իսկ ինչո՞ւ…

 

 

«Այդ օրինագծով Ֆրանսիայի «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրենքում լրացումներ են կատարվել, դրանցից երկուսը' 38-րդ հոդվածում,- ասաց մեր զրուցակիցը:- Ընդ որում, խնդրո առարկա այս օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովում նախապես փորձաքննություն չի անցել, չի քննարկվել, մինչդեռ Ֆրանսիայի Ազգային ժողովում կա յուրաքանչյուր օրենքի նախագիծ վերլուծող, դրա մասին կարծիք հայտնող հանձնաժողով, ցանկացած օրինագիծ նախ պետք է այդ հանձնաժողովից (ֆիլտրացիոն համակարգից) անցնի, հետո նոր ներկայացվի քվեարկության: Այսպիսի բան տեղի չի ունեցել: Գրեթե վստահ եմ, որ օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն այն չեն կարդացել»:

 

 

Տարածաշրջանային վերլուծաբանի տեղեկացմամբ, հիշյալ օրինագիծը Ֆրանսու Օլանդի անմիջական նախաձեռնությամբ է մտցվել Ազգային ժողով, ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության կողմից, ինչը նույնպես աննախադեպ է, քանի որ նախկինում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծերը կուսակցությունների կողմից են ներկայացվել:

 

 

«Թե ինչու է այսպես հապճեպ ներկայացվել, չես հասկանում, հավանաբար որոշել էին Բունդեստագից շատ հետ չընկնել, նրանք' հունիսի 2-ին, սրանք' 27-ին,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Միանշանակ է, որ օրենքում կատարված լրացումներն ի նպաստ հայության չեն, և շատ կարևոր է, որ մեր զանգվածային լրատվամիջոցները հայ հասարակությանն այդ մասին տեղեկացնեն:

 

 

38-րդ հոդվածում կատարված առաջին լրացման համաձայն, եթե որևէ մեկը Ֆրանսիայում ցեղասպանության կատարված լինելու փաստը ժխտի, քրեորեն պատժելի է, եթե այդ խնդրո առարկան (այսինքն' ցեղասպանությունը) ազգային կամ միջազգային որևէ դատական ատյանի կողմից դատապարտվել է: Հայոց ցեղասպանության պարագայում չկա այդպիսի դատավճիռ, չկա Ֆրանսիայի կամ որևէ միջազգային դատարանի որևէ դատավճիռ Հայոց ցեղասպանության տեղի ունեցած լինելու մասին: Եթե չկա, ապա Ֆրանսիայում ցանկացած մարդ կամ խումբ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, նույնիսկ արդարացնել, փառաբանել այդ ոճիրը, և այդ մարդու կամ խմբի արարքը քրեորեն պատժելի չի կարող համարվել:

 

 

Նույն հոդվածի մեկ այլ լրացման համաձայն, ցեղասպանության եղած լինելու ժխտումը, որպեսզի քրեորեն պատժելի լինի, պետք է ժողովրդի կամ նրա անդամներից որևէ մեկի դեմ ատելության կամ բռնության մղող արարք լինի, այդպիսի կոչ համարվի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայոց ցեղասպանությունը ժխտած ու քրեական պատասխանատվության ենթարկված Փերինչեքը ելավ, շատ հանգիստ ասաց, որ ինքը հայտարարելով, որ դա սուտ է, չի եղել Հայոց ցեղասպանություն, ոչ մեկին չի նսեմացրել, չի վիրավորել, հայերի դեմ ատելության կամ բռնության կոչ չի արել, ընդամենն իր կարծիքն է հայտնել, որը կարող է այլ անձ չկիսել: Ինչպես գիտեք, նա Շվեյցարիայի դեմ այդ դատում հաղթեց»:

 

 

Ի դեպ, հիշյալ օրենքը ցեղասպանությունից բացի, վերաբերում է հարցերի չափազանց լայն շրջանակի, ինչպես, օրինակ, ուսանողների ճաշարանների հիգիենիկ պայմաններին, արտերկրից եկած կանանց պաշտպանությանը և այլն, և այլն: Օրինագծի խնդրո առարկա լրացումը, որն ըստ այժմ Երևանում գտնվող Մարսել քաղաքի բնակիչ, «Ազատագրություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր նախագահ, մասնագիտությամբ բժիշկ, դոկտոր Անդրանիկ Հակոբ Հակոբյանի, Ֆրանսիայում ապրող հայերին խաբելու և առաջիկա նախագահական ընտրություններից առաջ նախընտրական ցածր վարկանիշ ունեցող Օլանդի համար նրանց ձայները շահելու նպատակն ունի, ցեղասպանության ժխտողականությունն իրականում չի կանխելու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ հիշյալ օրենքում առկա վերոնշյալ վերապահումները չեն վերաբերվում հրեական ողջակիզմանը, նրա ժխտումը ցանկացած դեպքում քրեորեն պատժելի է համարվում:

 


«Ես վիրավորական եմ համարում, որ հիմնականում 1915 թվականից, այսինքն' մեր այդ ամենամեծ ցավից հետո ձևավորված Ֆրանսիայի հայկական համայնքը, որը Սփյուռքի մեր ամենահին և հոծ համայնքներից մեկն է և Ֆրանսիային, չգիտես ինչու, հորջորջում է իր երկրորդ հայրենիք, այսօր լռում է, լռում է նաև Ֆրանսահայ իրավաբանների միությունը,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Որտե՞ղ են իրենք, որտե՞ղ է իրենց հակազդեցությունը: Օրինագծի ընդունումից անմիջապես հետո արդեն պետք է նրանց հայտարարությունը լիներ, պետք է ասեին' դուք ի՞նչ է' մեզ ձե՞ռ եք առնում… Ֆրանսիան այն երկիրն է, որն ունի բոլոր հայկական կազմակերպություններին մի տանիքի տակ հավաքած կազմակերպություն' Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդ' իր համանախագահներով, որը, որքան էլ անհասկանալի է, այս օրինագծի ընդունման կապակցությամբ դատապարտող կամ քննադատող որևէ խոսք չի ասել: Ֆրանսիայի Ազգային ժողովն այնքան մեղավոր չէ, որքան մենք, որովհետև մենք թույլ ենք տալիս… Ես հետո, իհարկե, ինձ շնորհավորած ընկերոջս ասացի' դու չե՞ս ամաչում' ինձ շնորհավորում ես մի բանի համար, որի առնչությամբ շնորհավորելու բան չկա: Անկեղծորեն ամաչում եմ, որ մենք 21-րդ դարի հային, քաղաքացուն չենք կարողացել կերտել, համարեք սա ինքնաքննադատություն:

 

 

Եթե Ֆրանսիայում այդպիսի օրինագիծ ընդունվեր հրեաների ողջակիզման առնչությամբ, երևի երկրաշարժ կլիներ Ֆրանսիայում, չգիտեմ քանի բալանոց, Իսրայելն ու Ֆրանսիան երևի իրենց տեղերը կփոխեին, եթե նման վիրավորանք հասցված լիներ հրեաներին:
Այս օրենքը կրկնակի ստանդարտների օրենք է, որովհետև անվանել են «Հավասարություն և քաղաքացիություն», սակայն եթե հավասարություն, ապա ինչո՞ւ իմ ցավը' հայրենազուրկ, իր երկիրը կորցրած ազգիս զավակի ցավը բոլորովին տարբերված է ողջակիզման ցավից: Ինչո՞ւ… Ֆրանսիայում հոլոքոստի ժխտումը առանց որևէ ազգային կամ միջազգային դատարանի վճռի առկայության, քրեորեն պատժելի է, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը' ոչ: Մեզ արդեն որերորդ անգամ խաբում են ու վերածում նախընտրական մանրադրամի… Մենք այլևս չպետք է թույլ տանք նման ծաղրանք, ես զգոնության կոչ եմ անում»:

 

 

Արթուր Հովհաննիսյան