Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը ողջունել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տեղափոխումը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբ: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին Սելինա Դողանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի՝ «Բեշիքթաշ» տեղափոխվելու լուրն ինձ շատ ուրախացրեց: Կասկածից վեր է այն, որ սպորտն ու սպորտային մրցումները կարևոր դեր են կատարում հասարակությունների՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, հասկանալու, եղբայրական կապերն ամրացնելու ուղղությամբ: Արաս Օզբիլիսի՝ այսուհետ Թուրքիայում խաղալու փաստը կարևոր եմ համարում թուրքական և հայկական հասարակությունների միջև եղբայրական կապերի ամրապնդման տեսանկյունից»,- նշել է Դողանը:
Նա ցավով է անդրադարձել այն փաստին, որ սոցիալական ցանցերում Օզբիլիսի էթնիկ պատկանելության պատճառով նրա դեմ ռասիստական քարոզչություն է իրականացվում: «Թող ոչ ոք չմոռանա, որ այս հողերում ֆուտբոլը որպես մարզաձև բերվել է ոչ մուսուլման ժողովուրդների կողմից: Առաջին ակումբները հենց նրանք են հիմնել»,- ընդգծել է թուրքական մեջլիսում առաջին կին հայ պատգամավորը:
Նա հաջողություն է մաղթել «Բեշիքթաշին» և Օզբիլիսին՝ ասելով. «Սիրելի Արաս, բարի գալուստ քո տուն, քո ծնված հող»: