Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը զրկվել է աշխատավարձի 1/3-ից մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու համար: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնակարգի վերաբերյալ փոփոխություններից հետո Օսման Բայդեմիրին զրկել են 12 հազար 322 լիրայից (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):
Թուրքիայի մեջլիսում 2017 թվականին ընդունված նոր փոփոխությամբ ենթադրվում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:
Ըստ փոփոխությունների՝ պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:
Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավորապես հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):