ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունմանը: «Մենք ճանաչում ենք, հստակորեն ճանաչում ենք պատմական փաստը և սգում 1.5 միլիոն հայերի կորուստը, ովքեր Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղահանվել եւ սպանվել են ենթարվել:

 

Այս զարհուրելի իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկին, և Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են մեծ ցավ պատճառել հայ ժողովրդին և զոհերի ժառանգներին, ինչպես նաև մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային հիմնարար արժեքները»,-այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին' պատասխանելով լրագրողի հարցին:

 

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ի երեկոյան 12 կողմ և 5 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահի վարչակազմին և նախագահին ապրիլի 24-ը ճանաչել 1915 թվականի ցեղասպանության ոգեկոչման օր: ԱՄՆ պետդեպի հարցուպատասխանի ժամանակ լրագրողները խնդրել էին Փսակիին ներկայացնել կառավարության պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ' միաժամանակ հիշեցնելով Բարաք Օբամայի չկատարած խոստման մասին, որ նախագահ ընտրվելուց հետո ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

«Ես գիտեմ, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Օբաման իր անձնական տեսակետն է ունեցել այս հարցի շուրջ, որը իրականում նշվում էր նաև անցած տարի Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Համոզված եմ նոր հայտարարություններ կլինեն այս ամսվա վերջին»,-պատասխանել է Փսակին: