Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հանդիպել է այդ երկրում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսել Շթութցի հետ և ավեստրլահայ համայնքի մտահոգությունները փոխանցել «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Հայությանը հուզող լուրջ մտահոգությունները բարձրաձայնելուց բացի հանձնախմբի անդամները դեսպանին են ներկայացրել ՄԻԵԴ վճռում եղած փաստացի անճշտությունների ցանկը և Շվեյցարիայի կառավարությանը կոչ արել բողոքարկել վճիռը:
«Մենք ողջունում ենք Ավստրալիայում Շվեյցարիայի դեսպանի հետ հադիպելու և կարևոր խնդիրներ քննարկելու այս հնարավորությունը: Շվեյցարիան եղել է թե՛ Հայոց ցեղասպանությունը ճանաչած, թե՛ ցեղասպանության հերքումը քրեականացնող միջազգային առաջատարներից, այդ իսկ պատճառով մենք շվեյցարական իշխանություններին վճռականորեն կոչ ենք անում բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը»,- հանդիպման ավարտին նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյ անը:
2013 թվականին դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման որոշումը փոխարինել վարչական տուգանքով: Եվրոդատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: