Վրաստանը մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով վրաց-ավստրիական գործարար համաժողովում:

 

 

«Վրաստանի իշխանությունները կառուցողական ոգով կշարունակեն Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման բարդ գործընթացը»,-ասել է նա: Վարչապետի խոսքով՝ վրաց-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զորագացման գործում առաջընթաց կա:

 

 

«Չնայած ՌԴ-ի հետ հարաբերություններում մնացած քաղաքական խնդիրների լուծման գործընթացի բոլոր դժվարություններին, մենք այդ ուղղությամբ կշարունակենք ինտենսիվ աշխատանքը՝ հաշվի առնելով Վրաստանի պետական շահերը»,-հավելել է Ղարիբաշվիլին, նշելով, որ երկրի կառավարությունը կուտակված բոլոր խնդիրների լուծմանը մոտենում է կառուցողական ոգով:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Թբիլիսիում ընթացող գործարար համաժողովին մասնակցում են Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, երկու երկրների կառավարությունների անդամներ և առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Համաժողովում քննարկվում են էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը: Սա պատմության մեջ Ավստրիայի նախագահի առաջին այցն է Վրաստան: