2023 թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրեցին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
Մասնավորապես, Յուրի Նավոյանը նշեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում ռուսաստանյան առաջատար վերլուծական կենտրոնի՝ հանձին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի և հայ-ռուսական հասարակական դիվանագիտության սուբյեկտի՝ ի դեմս ԴԻԱԼՈԳ կազմակերպության, միջև հարաբերությունները զարգանում են համակարգային և դինամիկ կերպով։ Գործող համաձայնագրի հիման վրա պարբերաբար տեղի է ունենում գիտական նյութերի փոխանակում և փոխադարձ տեղեկատվական աջակցություն, համատեղ միջոցառումներ են կազմակերպվում հայ-ռուսական համագործակցության, տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության հարցերով։
Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։
Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար ենթարկվում են տարատեսակ փորձությունների, ինչը հաճախ փոխադարձ ընկալման ճգնաժամի է հանգեցնում։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բազմաթիվ անգամներ ընդգծել են ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը։ Բայց ցանկացած բնույթի միջպետական կապերը զուրկ չեն խնդիրներից և հակասություններից, և հայ-ռուսական երկխոսությունը այդ հարցում բացառություն չէ, հատկապես միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամային իրադրության պայմաններում։
ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավարը ուշադրություն հրավիրեց երեք հիմնարար խնդիրների վրա, որոնք, ըստ նրա՝ բացասաբար են ազդում փոխադարձ ընկալման և երկկողմանի հարաբերությունների վրա։
- Միջպետական հարաբերությունների պրիմիտիվացումը։ Հաճախ հայկական և ռուսաստանյան քաղաքական և վերլուծական շրջանակները պարզունականացնում են այս կամ այն քաղաքական գործընթացները՝ հասարակությունում ստեղծելով սև և սպիտակ պատկերներ։
- Բացասական փոխընկալումը և ոչ բավարար չափի փոխըմբռնումը։ Միմյանցից որոշակիորեն չափազանցված սպասումների պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունները ծայրահեղ հիվանդագին են ընդունում երկու երկրների այս կամ այն քաղաքական քայլերը։
- Կայուն համակարգայնության բացակայությունը և քաղաքական գործընթացների անհատականացումը։ Հաճախ առանձին քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ բարձրացված են բացարձակ դիրքի և բոլոր հանրաճանաչ և ոչ հանաճանաչ հայտարարություններն ու որոշումները անհատականացվում և տարածվում են միջպետական հարաբերությունների վրա։
Ելույթ ունեցողի համոզմամբ՝ այս պայմաններում մեծ է երկու երկրների վերլուծական հաստատությունների, գիտա-կրթական հաստատությունների և հասարակական դիվանագիտության սուբյեկտների դերը հայ-ռուսական հարաբերություններում շահերի փոխադարձ օբյեկտիվ ընկալման և փոխըմբռնման համար համարժեք մեխանիզմների ձևավորմանը աջակցելու գործում։
Յուրի Նավոյանը նաև ընդգծեց, թե հարկ է ըմբռնել, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն միջազգային իրավունքի սուբյեկտներ են, որոնք իրենց պրագմատիկ շահերն ունեն, այլ նաև ինքնատիպ քաղաքակրթություններ՝ կրելով պատմական մեծ ժառանգություն։ Այդ ժառանգության պահպանման և հաջորդ սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է որակական օրակարգի և համոզիչ փոխգործակցության միջոցով հաղթահարել հիմնարար խնդիրները, որոնք խանգարում են սթափ գնահատել իրական մարտահրավերները և վտանգները։
Ապա Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովևի և իրավաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ Սամվել Կարախանյանի մոդերատորությամբ միջոցառմանը զեկուցումներով հանդես եկան Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ե․ Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովը, «Շանթ» հոռուսատաընկերության քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը, SivilNet ինտերնետ-հեռուստատեսության քաղաքական մեկնաբան Արշալույս Մղդեսյանը։
Ներկայացված զեկուցումները բուռն քննարկման արժանացան միջոցառման մասնակիցների կողմից, որից հետո կլոր սեղանի փակման խոսքերով հանդես եկան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
Ամփոփելով կլոր սեղանի աշխատանքը, Յուրի Նավոյանը նշեց, որ հասարակությունների և պետական ապարատի մակարդակով փոխադարձ ընկալման գործոնը հաճախ որոշիչ է համարվում և կանխորոշում երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաջողությունը կամ ձախողումը։ Հայ-ռուսական հարաբերություններում իրականության փոխադարձ ընկալման պարբերաբար առաջացող ճգնաժամի թեմայով ներկա քննարկումը, ըստ նրա՝ ընդգծեց չորս ուղղություն։
- Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հենվում է աշխարհաքաղաքական շահերի և միջպետական իրավա-պայմանագրային բազայի վրա։
- Որոշակի գործընթացների արդյունքում երկու կողմերի համար առաջանում են անհանգստացնող իրավիճակներ։
- Հայ-ռուսական հարաբերություններում փոխադարձ ընկալման մակարդակում ոչ միշտ են համարժեքորեն արտացոլվում եղած փաստական իրավիճակը և մյուս կողմի ինքնագնահատականը։
- Անհրաժեշտություն կա ուժեղացնելու հասարակական երկխոսության մեխանիզմները և կատարելագործելու միջպետական հարաբերությունների օրակարգը, որպեսզի դրանք լիարժեքորեն համապատասխանեն իրենց նշանակությանը և ավելի համոզիչ լինեն։
«Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի մասնակիցները վստահություն հայտնեցին, որ քննարկման արդյունքները և արված եզրահանգումները հետաքրքիր և կիրառելի կլինեն Հայաստանի և Ռուսաստանի գործադիր մարմինների համար։