Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը։ Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայիս խնդիրն է օգնել երկու երկրներին հաշտեցման հարցում և խաղաղ փոխգործակցության ուղիներ գտնել։
«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, հենց նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում։ Գալուզինը հավելել է, որ ռուսական կողմն ունի ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման համար անհրաժեշտ նյութեր։
Գալուզինը հույս է հայտնել, որ «արտաքին խաղացողներին ներգրավելու փոխարեն՝ Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորման»: Նա նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկխոսության հարթակ տրամադրել։