Orange հիմնադրամը շարունակում է համայնքների զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանի մարզերում: Սյունիքի մարզի Բնունիս, Ույծ և Աշոտավան գյուղերում արդեն կահավորվել են 2 համակարգչային սրահներ և մանկապարտեզ:

 

Սյունիքի մարզ կատարած 1-օրյա այցի շրջանակներում Orange հիմնադրամի և «Շեն» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Բնունիս և Ույծ գյուղեր՝ մասնակցելու նոր սարքավորումներով համալրված համակարգչային սրահների բացման արարողությանը: Նորաբաց համակարգչային սրահները համալրվել են մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող Orange-ի MyBox 3G երթուղիչով, ինչպես նաև համակարգիչներով և կահույքով: Ավելին, այս համակարգչային սրահների բոլոր այցելուների համար նախատեսվում է կազմակերպել համակարգչային հատուկ դասընթացներ՝ նպատակ ունենալով խթանել ինտերնետի միջոցով հասանելի կրթական ծրագրերի օգտագործումն ու ինտերնետ ծառայությունները առավել հասանելի դարձնել գյուղաբնակներին:

 

 

 

«Orange Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքների ներգրավվածությանը թվային միջավայր: Orange-ն առաջին օպերատորն էր, որ ծածկույթ ապահովեց և հեռահաղորդակցության ծառայությունները հասանելի դարձրեց մի շարք գյուղերում՝ այդ թվում Բնունիսում: Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ' հեռահաղորդակցության որակյալ ծառայությունները հասանելի դարձնելով թե՛ Հայաստանի քաղաքներում, թե՛ գյուղերում, և ուրախ ենք այս 2 համակարգչային սրահները հանձնել Բնունիսի և Ույծի բնակիչներին»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

 

 

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Orange Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին նաև Աշոտավան գյուղ, որտեղ «Շեն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կահավորվել է տեղի մանկապարտեզը: Նոր վերանորոգված և կահավորված այս մանկապարտեզն այժմ թույլ կտա ոչ միայն պատշաճ մակարդակով կազմակերպել ավելի քան 30 երեխաների նախադպրոցական կրթությունը, այլ նաև հնարավորություն կընձեռի նրանց մայրերին ազատ տնօրինել իրենց ժամանակը, մասնավորապես հնարավորություն կտա նրանց աշխատել՝ այսպիսով նպաստելով իրենց ընտանիքների եկամուտների ավելացմանը՝ մինչ երեխաները մանկապարտեզում են: