Orange հիմնադրամը շարունակում է իր համայնքային զարգացման իր ծրագրերի իրականացումը Հայաստանի մարզերում: Տավուշում և Գեղարքունիքում իրականացված նախագծերին հաջորդիվ՝ հիմնադրամը մեկնարկել է մի շարք նոր նախաձեռնություններ Արագածոտնի մարզում: Հիմնադրամի ներկայացուցիչները Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ ուղևորվել են մարզ՝ պաշտոնապես բացելու Թաթուլ գյուղի մարզասրահն ու Ներքին Բազմաբերդ գյուղի նոր համակարգչային կենտրոնը:
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ Թաթուլ գյուղում, որն ունի շուրջ 820 բնակիչ, ստեղծվել է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով հագեցած մարզասրահ: Նախատեսվում է, որ նորաբաց մարզադահլիճը ոչ միայն լիովին կբավարարի դպրոցական սպորտային ծրագրի պահանջները, այլև կօգտագործվի համայնքի մյուս բնակչների կողմից' կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
«Առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ մասնակից լինել այս ծրագրերի մեկնարկին: Մեծապես կարևորում ենք երեխաների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հատկապես գյուղական համայնքներում, և համոզված ենք, որ թե՛ նորաբաց համակարգչային կենտրոնը, թե՛ այս մարզասրահը կծառայեն այդ կարևոր նպատակին»,- նշեց Orange խմբի հիմնադրամի գլխավոր քարտուղար Բրիժիթ Օդին:
«Orange հիմնադրամի գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված սոցիալական կամ տնտեսական ծրագրերն են: Արագածոտնի մարզում այս տարի արդեն իրականացրել ենք առաջին «Մեկ գյուղ» լայնածավալ ծրագիրը և այժմ նոր նախաձեռնություններ ունենք Ներքին Բազմաբերդ և Թաթուլ գյուղերում: Մեծապես ուրախ ենք ոչ միայն նպաստել հայկական հեռահաղորդակցության շուկայի զարգացմանը, այլև մասնակից լինել երկրի բնակչության կյանքի պայմանների բարելավմանը»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Նույն օրը Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի ունեցավ նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyBox 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Ներքին Բազմաբերդի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Հոկտեմբերին համակարգչային կենտրոններ են բացվել նաև Լոռու մարզի Աքորի և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղերում: Ներքին Բազմաբերդում բացված համակարգչային սրահն արդեն թվով 28-րդն է:
Արագածոտնի մարզ այցի շրջանակներում Orange հիմնադրամ Հայաստանի և Orange խմբի հիմնադրամի Ֆրանսիայի ներկայացուցիչներն այցելեցին նաև Հարթավան գյուղ, որտեղ այս տարի իրականացվել է առաջին «Մեկ գյուղ» ծրագիրը: Հիշեցնենք, որ «Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում հիմնադրամը յուրաքանչյուր տարի զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրում մեկ գյուղական համայնքի համալիր զարգացմանը: Մասնավորպես, այս նախաձեռնությունն ուղղված է ընտրված գյուղական համայնքներում տնտեսական գործունեության կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կրթական ու առողջապահական ենթակառուցվածքների բարելավմանը: 2014թ.-ին Orange հիմնադրամն այս նախաձեռնությանը հատկացրել է շուրջ 55 միլիոն դրամ:
Երևան, 24 դեկտեմբերի, 2014թ.