Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը eurofootball-ին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային ընտրանուն:
Լրագրողը հետևյալ հարցն է ուղղել Մանուչարյանին. «Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 4 խաղում ընդամենը մեկ միավոր է ձեռք բերել՝ չնայած բոլոր խաղերում էլ հաղթելու հնարավորություն ուներ: Ո՞րն է պատճառը, և արդյոք թիմի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մեղավորությունը կա՞»:
«Կարծում եմ՝ Շալանդը մեղավոր չէ: Այդ խաղերում պարտվում էր թիմը, այլ ոչ թե կոնկրետ մեկ մարդ: Բեռնարը շատ լավ մասնագետ է»:
Պատասխանելով այն հարցին, թե որն է պատճառը, որ թիմը պարտվում է հենց խաղավարտին, Մանուչարյանը նշել է.
«Կարծում եմ՝ այստեղ հարցը ոչ թե կենտրոնացումն է, այլ մեր գործողությունները դաշտում: Մենք ֆուտբոլ չէինք խաղում, շատ էինք վազում առանց գնդակի՝ խլելով այն մրցակցից, իսկ երբ առանց գնդակի ես վազում, շուտ ես հոգնում: Այստեղից էլ խաղերի անհաջող ավարտը: Եթե անկեղծ՝ չեմ հիշում՝ երբ է Հայաստանի հավաքականն առանց գնդակ այսքան շատ խաղացել: Կարծում եմ՝ Շալանդի միակ մեղավորությունը, սխալ փոխարինումն էր: Օրինակ, Ալբանիայի դեմ խաղում պետք էր փոխարինել Համբարձումյանին, ով դեղին քարտ ուներ, մենք խաղը կավարտեինք հավասար խաղացողներով և չեմ կասկածում, որ միավոր կվաստակեինք: Պաշտպանները ստանում են գնդակը և չեն իմանում՝ ում փոխանցել, այդ պատճառով էլ առաջ են նետում և նորից սկսում են պայքարել: Այստեղից էլ խաղավարտին կուտակվում է հոգնածությունը: Հավաքականում մեկտեղված են բավականին հմուտ խաղացողներ, այդ պատճառով էլ խաղը պետք է կառուցել փոխանցումների վրա, ոչ թե գնդակն անիմաստ առաջ նետել»:
Դիտարկմանը, թե ստացվում է՝ հավաքականը Մինասյանի օրոք ավելի լա՞վ էր խաղում, քան Շալանդի ղեկավարման ժամանակ, ֆուտբոլիստը նշել է.
«Կարելի է նաև այդպես ասել: Մինասյանի օրոք հավաքականն ավելի կոմբինացիոն ֆուտբոլ էր խաղում»:
Հարցին, թե Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ, Մանուչարյանը հավելել է.
«Կարծում եմ՝ հավաքականը Եվրոպայի առաջնություն դուրս գալու շանս ունի: Կարևորը մնացյալ խաղերում հաղթելն է: Հիմա տնային երեք խաղերի շարք է լինելու, մենք պետք է երեք միավոր վաստակենք»:
Իսկ թե ինչպես է վերաբերում Սարգիս Հովսեփյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելուն, ֆուտբոլիստը նշել է.
«Լավ եմ վերաբերում Հովսեփյանի նշանակմանը: Որոշ ժամանակ առաջ միասին խաղում էինք հավաքականում: Հիմա ինչ-որ խորը եզրահանգումներ պետք չէ անել, ժամանակը ցույց կտա: Աստված տա, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի մարզչական աշխատանքում, ամեն ինչ կախված է նրանից: