Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստանի համար նշանակալի էր մի քանի առումներով, սակայն ամենամեծ հաջողությունն այն է, որ գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ը ցույց տվեց, որ իր համար ընդունելի են Հայաստանի մոտեցումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինաս յանը' անդրադառնալով Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությանը:

 

 

Քաղաքագետի խոսքով' կարևոր էր այն, որ գագաթնաժողովին հայտարարվեց Հայաստան-Եվրամիություն նոր իրավական փաստաթղթի պատրաստման մասին: «Այս փաստաթուղթը հետագայում պետք է հավանություն ստանա բոլոր անդամ երկրների կողմից, այսինքն, իրավական առումով, դա գրեթե նույն ձևաչափն է, ինչ Ասոցացման պայմանագիրն էր: Բայց այս փաստաթուղթը ներառելու է այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Այդ առումով սա մեծ հաջողություն է Հայաստանի համար, որովհետև այն մոտեցումը, որ առաջարկում է Հայաստանը, լիովին ընդունելի է Եվրամիության համար»,- ասաց Մի նասյանը:

 

 

Սերգեյ Մինասյանի կարծիքով' Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր ազդակ էր Վիզաների դյուրացման գործընթացում Հայաստանի գրանցած հաջողությունը: «Գագաթնաժողովի ընթացքում նշվեց, որ վիզաների դյուրացման գործընթացում Հայաստանն առաջխաղացում ունի և մտնում է նոր փուլ: Հայաստանն ընդամենը կես քայլով է հետ մնում Ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանից կամ Ուկրաինայից: Կարծում եմ, եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, մենք երկու տարվա ընթացքում կունենանք նույն հնարավորությունը»,- ընդգծեց նա:

 

 

Քաղաքագետը խոսեց նաև ադրբեջանական կողմի ընդվզման մասին' կապված Մինսկի խմբի աշխատանքների հետ: «Ադրբեջանի այդ վարքագիծն ավելի շահավետ դարձավ Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ցույց տվեց, որ իր մոտեցումները համընկնում են Մինսկի խմբի և Եվրամիության մոտեցումներին' ի տարբերություն Ադրբեջանի, որը բոյկոտեց առաջարկվող փաստաթուղթը»,- նշեց Մինասյանը:

 

 

Քաղաքագետի կարծիքով' այս գագաթնաժողովի ժամանակ չկային կետեր, որ շահավետ չլինեին Հայաստանի համար: «Միայն Ղրիմի հետ կապված կար մոտեցումների տարբերություն, բայց Հայաստանը ներկայացրեց իր դիրքորոշումը և գագաթնաժողովի հռչակագրում էլ բավական հմուտ ձևով ձևակերպում տրվեց հարցին»,- նկատեց քաղաքագետը: Նա հավելեց, որ ինչ-որ առումով կարելի է ենթադրել, թե Հայաստանի համար Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներն ավելի նպաստավոր էին, քան, օրինակ, ակնկալում էին Վրաստանը և Ուկրաինան: