Մայիսի 26-ից մինչև հունիսի 6-ը Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի կունենա ճարտարապետ-նկարիչ Արծվին Գրիգորյանի 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես: Ցուցահանդեսի բացումը կկայանա մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին:

 

 

Արծվին Հայկի Գրիգորյանը Հայաստանի լավագույն ճարտարապետներից էր, ով ծնվել էր 1935թ. մայիսի 25-ին Թիֆլիսում, դաստիարակվել երևանցի ինտելիգենտներ՝ նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ու խորթ հոր՝ հայտնի վիրաբույժ Ռուբեն Պարոնյանի ընտանիքում:

 

 

Ճարտարապետի հիմնական աշխատանքները նվիրված են պատմությանն ու ժամանակակից Հայաստանի տեսությանը, քաղաքաշինության ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին:

Արծվին Գրիգորյանը մոր՝ Ռիփսիմե Սիմոնյանի հետ



Արծվին Գրիգորյանը ավելի քան 150 հոդվածների հեղինակ է, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը, ճարտարապետությանն ու արվեստաբանությանը:

 

 

Նրա ղեկավարությամբ մշակված Երևանում՝ Հրազդան գետի կիրճում, հանգստի գոտիների լանդշաֆտային կազմակերպումը 1977թ. ստացավ Հայաստանի պետական մրցանակ, իսկ 1974-ին Երևանի կենտրոնի պլանավորման ու կառուցապատման նախագիծը Համամիութենական մրցույթում արժանացավ 1-ին մրցանակին:

 

 

Արծվին Գրիգորյանը Զորի Բալայանի հետ



Արծվին Գրիգորյանը Երևանի կանաչապատման պլանի (1974) հեղինակ է, Փարիզի «Լյա Վիլլետ» այգու մրցութային նախագծի հեղինակը (1982):

 

 

Վաստակավոր ճարտարապետը Հայաստանի ճարտարապետների միությունը գլխավորեց բավական երկար՝ 17 տարի, ու հենց այդ տարիներն էին նրա ամենաակտիվ գործունեության տարիները:

 

 

Արծվին Գրիգորյանն ընկերների՝ Արթուր Թարխանյանի և Հրաչ Պողոսյանի հետ



Եղել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության քարտուղարը: Նրան ճանաչում էին Հայաստանի սահմաններից դուրս՝ Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, ամենուր նա persona grata էր:

 

 

Ճարտարապետի դիպլոմը նա ստացել է 1958 թվականին: Կարելի է ասել, որ Արծվին Գրիգորյանը պատկանում է 1960-ականների սերնդին: Ներկայումս նրա տունը դարձել է յուրօրինակ թանգարան, որը խնամքով պահում է ճարտարապետի կինը՝ Դոնարա Լալայան-Գրիգորյանը ու դուստրը՝ դիզայներ Արևիկ Գրիգորյանը:

 

 

Արծվին Գրիգորյանն ընկերների հետ՝ Փարաջանովի թանգարանում



Կյանքի վերջին տարիներին ճարտարապետության դոկտոր-պրոֆեսորը դուրս չէր գալիս Հայաստանից, զբաղվում էր երիտասարդ կադրերի դասավանդմամբ: