Այսօր հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն կդառնար 21 տարեկան, այսօր նրա ծննդյան օրն է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Նա նշեց, որ Արթուրը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին։ Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, ծնողներն ամուսնալուծված էին, տատի ու պապի խնամակալության ներքո էր։
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․․․ Արթուրին տատն ու պապն էին խնամում: Մայրը Մասիսի շրջանում է ապրում, մենք նրանից տեղեկություն չունենք, գիտենք, որ ամուսնացած չէր։ Երբեմն գնում էր մոր մոտ, գալիս էր, բայց վերջին շրջանում տատի ու պապի մոտ էր։ Հայրն էլ արտասահմանում է, ամուսնացած է: Հոր կողմից մի եղբայր ունի: Տատն ու պապը թոշակառու են, զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ»,- ասաց գյուղապետը:
Համայնքապետի խոսքով՝ Արթուրը հանգիստ, խելոք, չափի մեջ երեխա էր, թե ինչպես է եղել դեպքը, դեռ չգիտենք, մահվան հանգամանքների մանրամասները հայտնի չեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: