Օրերս կառավարությունում անդրադարձել են հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգերի ստեղծման հարցերին:

 

Սակայն խնդրին անդրադարձը հերթականներից էր. ինչպես և սպասվում էր, որևէ նոր լուծում չառաջարկվեց: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Առաջին փուլի համար՝ նա առաջարկել է սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր՝ Արագածոտնի և Լոռու մարզերում: Վարչապետն էլ հանձնարարել է ուսումնասիրել նաև ցանցային պաշտպանության տարբերակը:

 

Վերջին տարիներին մեր երկրում տարեկան տեղադրվում Է 70-80 կայան, սակայն դրանց արդյունավետությունը լուրջ կասկածի տակ է: Մինչդեռ Հայաստանում գործում են ընկերություններ, որոնք արդեն քանի տարի է՝ արտադրում են բավականին բարձրորակ ու միջազգային չափանիշներով բոլորին գերազանցող գազագեներատորային կայաններ, ու պատրաստակամ են իրենց արտադրանքը շուկայում գործող գներից 40-50%-ով էժան վաճառել, անգամ՝ մեկ-երկու տարվա ապառիկով տալ գյուղերին: Ուղղակի այս ոլորտում էլ է ձևավորվել այնպիսի կոռուպցիոն մեխանիզմ, որ սրանց ոչ մի կերպ չեն թողնում շուկայում հաստատվել: Արդյունքում՝ բնական աղետներից մեր տնտեսությանը պատճառված վնասը տարեկան կազմում է 20-25 մլրդ դրամ, ու զգալի մասը՝ կարկտահարությունից:

 

Փորձը ցույց է տալիս, որ խնդրին համակարգային լուծում տալու փոխարեն, պատկան կառույցները, այդ թվում եւ գյուղատնտեսության նախարարությունը, բավարարվում են միայն կարկտահարությունից վնասներ կրած գյուղերում շրջելով եւ մարդկանց հանգստացնելով:

 

Արդյունքում՝ գյուղացին կորցնում է սպասվող բերքի մեծ մասը, իսկ կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում փոխհատուցել՝ նրան թողնելով կոտրած տաշտակի առաջ: Մինչդեռ Հայաստանում հակակարկտային կայաններ տեղադրելու համար միլիոններ են ծախսվել, տարիներ շարունակ այդ կայանների տեղադրումը հռչակվել է գյուղատնտեսության նախարարության համար առաջնահերթություն, եւ նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններից են մեծ ֆինանսական միջոցներ ներգրավվել կայանների տեղադրման համար, որոնց արդյունավետությունը, ինչպես պարզվեց, զրոյական է: Եվ հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու ռիսկերի սխալ հաշվարկի համար: Արդյո՞ք կարկուտի դեմ պայքարի այլ մեթոդներին չպետք է ուղղվեին այդ հսկայական ֆինանսական միջոցները:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ