1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, երբ հայկական կանոնավոր ուժերը և կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ, ծնունդ առավ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

 

Ուղիղ 97 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը՝ «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով և Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանվորված՝ Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն», իսկ հունիսի սկզբին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:

 

Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրի արդյունքում: Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղափոխական կոմիտեի ժամանումը Երևան, հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ:

 

Մայիսի 28-ին հիմնական տոնակատարություններն անց են կացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է 1918-ին թուրքերի ներխուժումը կասեցրած հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը: