1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո, երբ հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ, ծնունդ առավ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:
Ուղիղ 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումը՝ «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանվորված՝ Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն», իսկ հունիսի սկզբին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»:
Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրի արդյունքում։ Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղափոխական կոմիտեի ժամանումը Երևան, հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ:
Մայիսի 28-ին հիմնական տոնակատարություններն անց են կացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է 1918-ին թուրքերի ներխուժումը կասեցրած հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը: