Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եկամուտը պաշտոնավարման 1 տարում աճել է ավելի քան 8 անգամ, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել ուկրաինական տնտեսության անկման ու դժվարությունների ֆոնին: Այժմ նա Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից է:
2013 թվականին Պորոշենկոն հայտարարագրել է ավելի քան 51 մլն գրիվնա (ավելի քան 2 մլն դոլար) համընդհանուր եկամուտ, որի հիմնական մասը ստացել է արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքից:
2014-ին պատկերն արմատապես փոխվել է. 369 մլն գրիվնա (ավելի քան 17 մլն դոլար), որից միայն 11.2 միլիոնն է ստացվել արժեթղթերի ու կորպորատիվ իրավունքների վաճառքից, իսկ 90 տոկոսը կազմել են դիվիդենդներն ու ավանդների տոկոսադրույքները:
Հնարավոր բացատրությունը 2014-ի գրիվնայի անկումն է: Չի բացառվում, որ Պորոշենկոն շահույթ է ստացել արժութային տատանումներից։ Սակայն միայն այդ գործոնը չի բացատրում եկամուտների նման կտրուկ աճը:
Բացի այդ, նրան պատկանող Roshen հրուշակեղենի գործարանը մեկ տարում եկամուտը մեծացրել է 9 անգամ: