ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, որը մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, մտադիր է հունիսի 30-ից հետո թողնել իր պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times թերթին:
Համապարփակ համաձայնագրի կնքման վերջնաժամկետին հասնելուց հետո վարչակազմը լքելու իր մտադրության մասին Շերմանն ինքն է հայտարարել: «Դրանք երկու երկար տարիներ էին»,- ասել է նա: Հրատարակության տվյալներով՝ Շերմանի հետ միասին վարչակազմից կհեռանան նաև Իրանի հետ բանակցություններին մասնակցող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես նշում է հրատարակությունը, դեռևս պարզ չէ՝ ով է ԱՄՆ-ի կողմից «համակարգելու համաձայնագրի կատարման բարդ գործընթացը», եթե այն ձեռք չբերվի մինչև հունիսի 30-ը:
Իրանական միջուկային հիմնախնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը: Ապագա փաստաթղթի պարամետրերը միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև համաձայնեցվել էին ապրիլի սկզբին Լոզանում: Վերջնական համաձայնագրի կնքման դեպքում պետք է չեղարկվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ավելի վաղ կողմերը պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը պետք է կանգնեցվի տասը տարվա ընթացքում, իսկ Իրանը պարտավորվում է բոլոր ծրագրերը 25 տարով դնել միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: