Ծառայությունների սակագնի յուրաքանչյուր բարձրացում մտահոգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարար Արտեմ Ասատրյանը' նշելով, որ թանկացման ազդեցությունն, առաջին հերթին, իրենց վրա զգում են սոցիալապես խոցելի խմբերը: «Հստակ է, որ պետության քաղաքականության ու կառավարության գործողությունները, առաջին հերթին, պետք է ուղղված լինեն սոցիալապես խոցելի խմբերի խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

 

Հարցին ի պատասխան, թե արդյոք Արտեմ Ասատրյանն արդարացված համարում է սակագնի մասնակի սուբսիդավորում անապահովների համար, ինչպես գազամատակարարման դեպքում էր արվում' նա նշեց. «Դրա վերաբերյալ եզրակացություն տալ այս պահին չեմ կարող, քանի որ բոլոր հնարավոր մոտեցումներն էլ քննարկվում են: Այս կամ այն մոտեցումը նախընտրելի չեմ կարող համարել, որովհետև դրանք բոլորն էլ ունեն դրական ու բացասական կողմեր: Բայց մի բան հստակ է, սոցիալապես խոցելի խմբերի համար պետք է առաջնահերթ միջոցառումներ իրականացվեն»:

 

 

Անդրադառնալով դիտարկմանը, որ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը սոցիալական լարվածություն է առաջացնում հասարակության շրջանում, Արտեմ Ասատրյանը նկատեց, որ իրենք ամենօրյա ռեժիմով քննարկում ու նախադրյալներ են ստեղծում մի շարք ծրագրերի իրականացման համար: «Գրեթե բոլոր ուղղություններում այդ աշխատանքները ընթացքի մեջ են' թե՛ գործազրկության կրճատման հետ կապված, թե՛ սոցիալապես խոցելի խմբերի մասով, թե սոցիալական ծրագրերի հասցեականության և չափերի ավելացման առումով»,-ասաց նա: