Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում հակահայկական տրամադրությունները շարունակվում են: Հակահայկական հայտարարություններով հայտնի Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը կոչ է արել քրդերին չմասնակցել Ստամբուլում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ցույցին` պատճառաբանելով, որ այնտեղ նաև հայեր են գնալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:



Գյոքչեքը նշել է, որ քրդական կուսակցության հանրահավաքին մասնակցելու նպատակով Եվրոպայից և Հայաստանից 150-200 հայեր են պատրաստվում գալ Ստամբուլ: «Ի՞նչ գործ ունեն նրանք հանրահավաքին: Քանի որ նրանք դա դիտարկում են որպես Հայաստանի փրկության ցույց: Ինձ լսող իմ քուրդ եղբայրներ` մի’ գնացեք այդ հանրահավաքին, քանի որ դա քրդերի հանրահավաքը չէ, հայերինն է»,- ասել է Անկարայի հակահայ քաղաքապետը:

 

 

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակացության «հեղինակությունը գցելուն» ուղղված նմանօրինակ քայլերը առաջինը չեն: Օրերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միտինգներից մեկի ժամանակ, ակնարկելով ԺԴԿ-ին, հայտարարեց. «Որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»: Իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրեց հայկական սփյուռքի հետ «առևտուր» անելու մեջ: Օրեր անց Բաթմանում նա ա րեց ևս մեկ հայտարարություն` նշելով. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է»: