Միանշանակ բացառվում է Ռուսաստանի հրաժարվելը Ղրիմից և Սևաստոպոլից, ՌԴ-ին պատժամիջոցներով ճնշելն անօգուտ է: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

 

Նա նշել է, որ հակառուսական պատժամիջոցների պայմաններում շատ օտարերկրացիներ «ստիպված են հեռանալ Ռուսաստանից, քանի որ դադարեցվում է համագործակցությունը, կրճատվում է բիզնեսը, վերացվում են ներգաղթյալների համար աշխատատեղերը»:

 

Դա, Նարիշկինի խոսքով, «պատժամիջոցներին միացած պետությունների քաղաքականության» արդյունք է: Գնալով այդ ճանապարհով՝ «փաստացիորեն Եվրամիությունն Ամերիկայի ճնշման տակ ինքն իրեն է կրակում, վիրավորում է սեփական ոտքը», ասել է նա:

 

«Պատժամիջոցները վերացնելու համար Ռուսաստանին առաջարկում են հրաժարվել Ղրիմից և Սևաստոպոլից, դավաճանել նրանց, ով մեզ հավատացել է»,- ասել է նա՝ հաստատելով, որ դա «միանշանակ բացառվում է»: «Մենք չենք շեղվի մեր ընտրած ուղուց, և անօգուտ է ճնշումներ գործադրել մեզ վրա»,- ընդգծել է Նարիշկինը: