Հայ-ադրբեջանական սահմանին համեմատական հանդարտությունը պայմանավորված է Բաքվում Եվրոպական խաղերի անցկացմամբ, սակայն քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ խաղերից հետո Ադրբեջանը կրկին կդիմի իրավիճակի էսկալացիայի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բաքվի այս «խաղերը» հստակեցնում են երկու դրույթ: «Նախ ապացուցվեց, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կանխամտածված իրավիճակի էսկալացիան որեէ փոփոխության չհանգեցրեց ոչ բանակցություններում, ոչ էլ հայ հասարակության տրամադրվածության մեջ: Մյուս կողմից՝ հայկական կողմն այս փաստը կարող է լավագույն կերպով միջազգային հանրությանն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին ներկայացնել, թե ով է իրականում իրավիճակի սրման մեղավորը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Նրա գնահատմամբ՝ Եվրոպական խաղերը կարժանանան Բաքվում «Եվրատեսիլի» անցկացման ճակատագրին, քանի որ ավտորիտար պետություններում նման մասշտաբային միջոցառումների անցկացումը «շուռ է գալիս» իշխանությունների դեմ: