
Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող հանրահռչակ Առյուծների բնայգում էգ առյուծը սպանել է ամերիկացի կին զբոսաշրջիկի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Առյուծը ցատկել է բնայգու տարածքով ընթացող ավտոմոբիլի բաց կողային պատուհանի վրա: Ավտոմեքենայի սալոնում եղել է երիտասարդ զույգ՝ տղամարդ և կին, որոնք ծանր վերքեր են ստացել: Կինն ավելի ուշ մահացել է ստացած վերքերից, տղամարդը ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Ամերիկուհու մահն Առյուծների բնայգում զբոսաշրջիկի երրորդ մահացու դեպքն է 2015 թվականի սկզբից ի վեր: Մարդու վրա հարձակվելուց հետո բնայգու պահակախումբը հետապնդել է փախչող գազանին, սակայն ոչ ոք չի համարձակվել նրան սպանել:
Առյուծների բնայգին գտնվում է Յոհաննեսբուրգից 30 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում և հանգստի հայտնի վայր է: Գովազդային ազդագրերն այցելուներին խոստանում են «կենդանիների դիտում ամենախոշոր պլանով»: Բնայգու տարածքում ազատորեն զբոսնում են վագրակատուները և բծավոր բորենիները: Առյուծների ընտանիքներն այստեղ հավաքված են պահպանվող մեծ ազատավանդակներում, որոնցով կարող են անցնել այցելուները՝ վայրի գազաններին դիտելով ուղղակիորեն ավտոմոբիլի պատուհանից: Սակայն ավտոմեքենայի ապակին իջեցնելը կտրականապես արգելված է կենդանաբանական այգու ներքին կարգապահության կանոններով: