ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովին:
Ոստիկանապետը գոհունակություն է հայտնել արդյունավետ աշխատանքի կապակցությամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է հասնել գործընկերության ավելի բարձր մակարդակի: Դա թույլ կտա հակազդել հանցավորության արդի մարտահրավերներին:
Երկու կառույցներն համագործակցում են հանցավորության դեմ պայքարի 2014-2018 թվականների միջպետական ծրագրի շրջանակներում:
Օլեգ Կոնովալովն իր հերթին ներկայացրել է Բյուրոյի գործունեության առանցքային ուղղություններում նախաձեռնված փոփոխությունները, մասնավորապես, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդիականացման, տեղեկատվական բազաների թարմացման և մի շարք այլ ոլորտներում:
Վլադիմիր Գասպարյանն, անդրադառնալով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին՝ նշել է, որ ծրագրի երկրորդ փուլում առաջնահերթություն է հենց գիտատեխնիկական զարգացումը, և համոզմունք հայտնեց, որ արդիական մոտեցումները կառույցների համագործակցությունը համատեղ աշխատանքի փոխարկելու հիմք կդառնան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: