Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խոորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, եւ այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաեւ կազմակերպության աջակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում: 

Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:

Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել: 

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն եւ խորքային բարեփոխումներ են նախատեսված: