Հունիսի 4-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանը և վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանը:

 

Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել վեցերորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները՝ կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ'

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության' «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային, դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում ՀՀ պետական բյուջեի միջոցների օգտագործում,

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության' Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային միջոցների և դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործում:

 

Քննարկվել են 4 ենթահարցեր' «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը, էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, էներգախնայողության ծրագիրը և երկրաջերմային էներգիայի ծրագիրը:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է ստուգել «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման և էներգախնայողության ծրագրերը, իսկ էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի պարագայում աշխատել օպերատիվ վերահսկողության ռեժիմով:

 

Երկրաջերմային էներգիայի ծրագիրը քննարկելիս պարոն Զաքարյանը հանձնարարել է խորացնել դիտարկման փուլը և առանձին վերլուծել ձեռք բերված տվյալները: