«Ես ուզում եմ հասկանալ, թե մեր ԱԺ-ի աշխատողը կոչված է մեր աշխատանքը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ անելու մեր նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում, այդ մարդը չի ճանաչում իր դերը, չի նշվում՝ որ պատգամավորն է զավեշտալի բան ասել, այսինքն՝ դա վերաբերում է բոլոր պատգամավորներին»: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ԱԺ լրատվական ծառայության պետի ֆեյսբուքյան էջի գրառմանը, որտեղ վերջինս գրել էր, որ պատգամավորն անգրագետ է ու զավեշտալի հարց է տալիս:

 

Մարուքյանը պահանջեց ներողություն խնդրել, ինչին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ գրառումը կընթերցի, որից հետո համապատասխան միջոցառումներ կլինեն: