Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն է խնդրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հրեաների և հակասեմիտիզմի մասին խոսքերի համար, հայտնել են Բենեթի գրասենյակից։
«Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ նախագահի վերաբերմունքը պարզաբանելու համար», - հավելել են գրասենյակից։
Պուտինի և Բենեթի զրույցին հաջորդած Կրեմլի հաղորդագրությունում չի նշվում Ռուսաստանի նախագահի ներողության մասին։
Լավրովը Mediaset-ի մայիսի 1-ին հրապարակված հարցազրույցում ասել էր. «[Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին փաստարկ է ներկայացնում՝ ինչպիսի նացիզմ կարող են ունենալ, եթե ինքը հրեա է։ Գուցե սխալվում եմ, բայց Հիտլերը նաև հրեական արյուն ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»։
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն այնուհետև ասել էր, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է ներողություն խնդրի Իսրայելից և հրեա ժողովրդից' նախարարի խոսքերի համար։