Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը ներողություն է խնդրել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիից։ Այս մասին հայտնում է BBC-ն:

 

«Պաշտպանության նախարարը մտադրություն չի ունեցել որևէ կերպ վիրավորել պետքարտուղարին և նա ներողություն է խնդրում, եթե պետքարտուղարը վիրավորվել է վերագրվող խոսքերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լարված մթնոլորտի պատճառ էր հանդիսացել «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականի հրապարակումը։ Թերթը ներկայացրել էր իսրայելցի նախարարի մեկնաբանությունները, երբ Յալոնը Քերրիին անվանել էր «մարգարեական ու վեհամբարձ գաղափարներով տարված», քանի որ նրա քաղաքական ծրագիրը չի ապահովում ո’չ խաղաղություն, ո’չ անվտանգություն:

 

Յալոնի արտահայտությունները հարուցել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական քննադատությունը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նախարարի խոսքերն անվանել է վիրավորական և անհիմն։