ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարողացել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կառուցվածքի, դրա առաջնորդների, ֆինանսական գործողությունների ու գաղտնի նպատակների մասին տեղեկատվություն գաղտնազերծել: Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին:

 

Այդ տվյալները ստացվել են Սիրիայում հատուկ գործողության արդյունքում առգրավված նոութբուքերում, բջջային հեռախոսներում և տեղեկատվության այլ կրիչներում առկա տեղեկատվությունն ապակոդավորելու միջոցով:

 

Ստացված տվյալներն օգնել են ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին, որոնց արդյունքում ԱՄՆ-ն հայտարարել էր զինյալների ղեկավար Աբու Համիդին ոչնչացնելու մասին:

 

Հատուկ ծառայությունները վերլուծել են մինչև 7 տերաբայթ տեղեկատվություն: Դրանք նաև հնարավորություն են տվել պարզելու, թե ինչպես է ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին կարողանում թաքնվել: Նշվում է, որ ԻՊ-ի ղեկավարը միտումնավոր խուսափում է էլեկտրոնային ցանկացած սարքի օգտագործումից:

 

Բացահայտվել է նաև ԻՊ-ի էմիրների կանանց դերը, որոնց վրա դրված է պատասխանատու խնդիր: ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք բանավոր միմյանց են փոխանցում գաղտնի տեղեկությունը, ապա իրենց ամուսիններին՝ այդպիսով գործնականում բացառելով էլեկտրոնային հետախուզությամբ այդ տեղեկությունները ձեռք բերելու հնարավորությունը: