Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվել է դինամիկ եվրոպական և համաշխարհային արտաքին քաղաքականություն մշակել, ինչն ամենևին էլ վատ չէ մի երկրի համար, որը պաշտոնապես ճանաչված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Open Democracy կայքում հրապարակված հոդվածում գրել է Լուկաս Գոետսը:

 

 

Անդրադառնալով ԼՂՀ-ում վերջերս տեղի ունեցած ընտրություններին՝ նա նշել է, որ թեպետ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո ԵՄ-ն, Միացյալ Նահանգները, Ռումինիան, Ուկրաինան ու Իսպանիան շտապեցին հայտարարել դրանց «անօրինական» լինելու մասին, այդուհանդերձ ընտրություններին հետևող շուրջ 100 դիտորդներն արձանագրեցին, որ քվեարկությունը տեղի է ունեցել «միջազգային ստանդարտներին համապատասխան, կանոնակարգված, ազատ, գաղտնի և հավասար», ինչի մասին շատ եվրոպական երկրներ կերազեին միայն: Լրագրողը փաստում է, որ միակ խնդիրն այն է, որ ընտրությունները կայացան միջազգայնորեն չճանաչված երկրում:

 

 

Լուկաս Գոետսը պատմում է ղարբաղյան հակամարտության առաջացման պատմության, պատերազմական դեպքերի ու 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագրի մասին: Նա նշում է, որ չնայած չճանաչված լինելու հանգամանքին, այդուհանդերձ ԼՂՀ-ն ակտիվորեն ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ: Այս միտքը հայտնել է նաև ԼՂՀ ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Դավիթ Մելքումյանը' հավելելով. «Մեզ համար ամենակարևոր առաջնահերթությունը միջազգային ճանաչում ստանալն է: Եվրոպան մեզ համար բնական ընտրություն է, քանի որ մենք մեզ նույնականացնում ենք եվրոպացիների հետ և կիսում ենք եվրոպական արժեքները»:

 

 

Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ևս հավատացած է, որ Ղարաբաղը հաջողել է արտաքին քաղաքականության ոլորտում, ինչի վառ ապացույցն է Եվրախորհրդարանում ԵՄ-Լեռնային Ղարաբաղ բարեկամական խմբի առկայությունը: Բացի դրանից, ԵԽ-ն ընդունել է երեք փաստաթուղթ, որով կոչ է արվում եվրոպական ինստիտուտներին ներգրավել Լեռնային Ղարաբաղի հասարակությանն իրենց ծրագրերում: ԼՂՀ է այցելել նաև ԵԽ փոխնախագահը: Ղարաբաղյան կողմի նվաճումներից է նաև այն, որ ԼՂՀ խորհրդարանում հայտնված Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Եվրոպական Ազատ ալիանսի «ասոցացված անդամ» է դարձել:

 

 

Հոդվածագիրը նշում է, որ թեպետ չճանաչված լինելու փաստը թույլ չի տալիս ԼՂՀ-ին բացել դեսպանատներ տարբեր երկրներում, այդուհանդերձ դա չի խանգարում նրան ունենալ իր «ներկայացուցչություններն» այնպիսի երկրներում, որտեղ կա մեծ հայկական համայնք, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում:

 

 

«Սառեցված հակամարտությունն ու դրա կարգավորման գործում Մինսկի խմբի գրանցած փոքր առաջընթացը Լեռնային Ղարաբաղի ապագան անորոշ են պահում... Չնայած ակնհայտ խոչընդոտներին' ԼՂՀ-ն կարողացել է հաջողել անկախ արտաքին քաղաքականության ոլորտում' ապահովելով իր տեղը եվրոպական օրակարգում և հասարակական գիտակցության մեջ»,- եզրափակում է հոդվածի հեղինակը: