Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով Արմավիրի միջմարզային նշանակության ճանապարհի Արևիկ-Երասխահուն հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Հունիսի սկզբից մեկնարկած աշխատանքները ճանապարհահատվածի տարբեր մասերում տարբեր փուլերում են: Մի հատվածում քանդվում ու հեռացվում է ասֆալտի հին ծածկը՝ նորը կառուցելու համար, մյուսում արդեն ճանապարհի հարթեցման աշխատանքներն են իրականացվում՝ ասֆալտբետոնե ներքին շերտի տեղադրմամբ:

 

 

Ճանապարհի վերակառուցման պատվիրատու «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով՝ ոչ միայն ճանապարհի ծածկը կհիմնանորոգվի, այլև ճանապարհամերձ հատվածները կվերակառուցվեն: «Կվերականգնվեն ջրահեռացման գործող համակարգերը, առանձին հատվածներում կտեղադրվեն բազալտե եզրաքարեր, կվերականգնվեն իջատեղերը»,- ասել է նա:

 

 

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ճանապարհաշինական ընկերության վերջին տարիների ձեռքբերումներից մեկը հատուկ մեքենան է, որով ճանապարհի ամբողջ լայնքով բիտումի ավտոմատ փռման աշխատանքն է կատարվում: Մի քանի տոննա տարողությամբ տարայի մեջ լցված բիտումի ջերմության աստիճանն ինքնակարգավորվում է անգամ այն ժամանակ, երբ մեքենայի շարժիչն անջատված է:

 

 

«Կապավոր» ՍՊ ընկերության գլխավոր ճարտարագետ Հարություն Դարբինյանը նշել է, որ բիտումը փռվում է համակարգչային համակարգի միջոցով, որով կարողանում են ամբողջությամբ հսկել, որպեսզի նախագծով նախատեսված բիտումի քանակը հավասարաչափ տարածվի մակերեսի վրա: Ճանապարհի որոշ մասեր երկկողմանի պատված են ճահիճներով: Եվ որպեսզի ջրահոսքը չվնասի ճանապարհը՝ ներքևի հատվածում տեղադրվել են երկու մեծ խողովակներ:

 

 

Ճանապարհահատվածը եղանակային բարենպաստ պայմանների դեպքում լիարժեք շահագործման կհանձնվի 7 ամսից: Այս ճանապարհահատվածը մասն է Արմավիր-Նորապատ-Մրգաշատ-Արևիկ-Եղեգնուտ-Երասխ 18.8 կմ ընդհանուր երկարությամբ մարզային նշանակության ճանապարհի, որը հիմնանորոգման արդյունքում պետք է միանա Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական մայրուղուն:

 

 

Ամբողջ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել հաջորդ տարի: