Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հունիսի 11-ին հայտարարել է, որ պատրաստվում է վճարել կառավարական ինքնաթիռով իր երեխաների թռիչքի համար, որով ինքն իր ընտանիքի մի քանի անդամների հետ հունիսի 6-ին այցելել էր Բեռլինում կայացած՝ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցախաղ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վալսը քաղաքական հակառակորդների կրակի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Բեռլին է մեկնել կառավարական ինքնաթիռով: Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Falcon կառավարական ինքնաթիռում, բացի Վալսի օգնականներից և պահակախմբի աշխատակիցներից, գտնվել են կառավարության ղեկավարի երկու որդիները: Վալսին քննադատել են սոցիալիստ գործընկերները, որոնք համարել են, որ նրա գործելակերպն անթույլատրելի է ձախ կողմնորոշման քաղաքական գործչի համար:

 

 

ԶԼՄ-ների գնահատմամբ՝ թռիչքի արժեքը կազմում է շուրջ 19 հազար եվրո: Ըստ որում ուղևորությունը նշանակված չի եղել վարչապետի պաշտոնական կարգացուցակում: Վալսն ինքը հայտնել է, որ հունիսի 6-ին Բեռլին էր այցելել ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի հրավերով:

 

 

«Այդ պաշտոնական ուղևորության շրջանակներում ես օգտագործել եմ այն միջոցները, որոնք վարչապետին սովորաբար թույլատրելի են նման դեպքերում: Սակայն ես, անշուշտ, հասկանում են ֆրանսիացիների արձագանքը, ես պետք է գործեմ կանոններին խստիվ համապատասխան: Եթե կարելի լիներ այդ ամենը հետ շրջել, ես դա չէի անի: Բոլոր կասկածները փարատելու համար ես որոշել եմ հատուցել իմ երեխաների թռիչքի արժեքը»,- մեջբերում է France-Presse գործակալությունը վարչապետի հայտարարությունը, որը նա արել է Ռեյունիոն կղզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Վալսի խոսքով՝ փոխհատուցման չափը կազմում է 2500 եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: