Բաքվի Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ օլիմպիական ավանում ավտոբուսի տակ ընկած Ավստրիայի հավաքականի լողորդուհի Վանեսա Սախինովիչը, ով ծանր վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո տեղափոխվել էր Վիեննա, վիրահատվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Washington Post-ը, երկարատև վիրահատությունից հետո Սախինովիչին մտցրել են արհեստական կոմայի մեջ:
«Սախինովիչը մեծ թվով կոտրվածքներ է ստացել, նրան ևս մեկ վիրահատություն անհրաժեշտ կլինի»,- ասել է հիվանդանոցի խոսնակ Քրիստոֆ Միրոուն՝ հավելելով, որ 15-ամյա լողորդուհու կյանքին վտանգ չի սպառնում:
Սինքրոն լողորդուհիներ Վանեսա Սախինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայտը վրաերթի էին ենթարկվել օլիմպիական ավանում ավտոսբուս քշող վարորդի անզգուշության հետևանքով: Երեք լողորդներն էլ վնասվածքներ էին ստացել, սակայն նրանցից ամենածանրը Վանեսայի վիճակն է, ով տեղափոխվել էր Վիեննա: Երեք մարզուհիներն էլ այլևս չեն կարողանալու մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին: «Մենք ցնցված ենք կատարվածից և անմիջապես ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- կատարվածի առնչությամբ ասել է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետեր Մեննելը:
Ավելի ուշ համացանցում հայտնվել էր այն տեսագրությունը, որտեղ երևում էր, թե ինչպես է տեղի ունենում վթարը: Ավտոբուսի վարորդի անզգուշությունն ու անբարեխղճությունն արդեն իսկ հասցրել է մեծ քննադատությունների պատճառ դառնալ: