Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր՝ ժամը 20:00-ին կմեկնարկի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Բուքմեյքերները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հավատում են պորտուգալացիների հաղթանակին: Իսկ թե ում հաղթանակին են հավատում հայտնի ֆուտբոլասերներ Զոհրապ Եգանյանը, Տիգրան Քոչարյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Էդգար Խաչատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել հենց նրանցից:


Զոհրաբ Եգանյանն, օրինակ, կարծում է, մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով այդքան էլ լավ պատրաստված չեն: Իրենց ակումբներում ոչ մեկ չփայլեց, ո՛չ Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակում», ով այսօր ընդհանրապես չի խաղալու, ո՛չ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում: «Կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի կրկնել Պորտուգալիայի դեմ խաղերի նախկին արդյունքները, ապա ես գոհ կլինեմ ոչ-ոքի արդյունքի դեպքում: Առհասարակ, եթե մերոնք իսկապես շատ ցանկանան, ամեն ինչ անեն, որպեսզի հաղթեն, դա հնարավոր է: Նրանք ցույց են տվել, որ կարող են լավ թիմերի հաղթել, բայց, անկեղծ ասած, այդքան չեմ հավատում»:

 

Իսկ թե ի՞նչ հաշիվ է կանխատեսում, Զոհրաբ Եգանյանն ասաց. «0:0, 1:1, իսկ պարտության դեպքում՝0:3»:


Տիգրան Քոչարյանը ևս լավ ակնկալիքներ չունի, բայց լավ լինելու դեպքում՝ շատ կուրախանա: «Եթե հաշիվը կռահելու ունակություն ունենայի՝ հիմա բուքմեյքերական գրասենյակներում միլիոնատեր կդառնայի: Ցավոք սրտի, ես չեմ կարող խաղադաշտ դուրս գալ և ինձանով ինչ-որ բան փոխել, մեր ամբողջ հույսը մեր հավաքականի տղաներն են, իմ կարծիքով՝ Պորտուգալիայի հավաքականին հաղթելն այդքան էլ բարդ չէ, ուղղակի լավ կազմակերպվածություն պետք է լինի, մի քիչ էլ՝ հայի բախտ»: 


Հրանտ Մելիք- Շահնազարյանն էլ հենց սկզբից փորձեց ճշտել իրատեսակա՞ն պատասխան ենք ուզում լսել, թե՞ լավատեսական: Վերջինս կարծում է, որ իրատեսական մտածելու դեպքում՝ հաղթանակը մերը չի լինելու, իսկ լավատեսականի դեպքում ՝գոնե ոչ-ոքիի ակնկալիքներ ունի՝ 1:1:


Էդգար Խաչատրյանն էլ ասաց հետևյալը. «Այս խաղը վերջին հնարավորությունն է, եթե այս խաղում էլ պարտվենք նույնիսկ տեսական հնարավորություններ չենք ունենա խմբից դուրս գալու համար: Այնպես որ՝ ակնկալում եմ հաղթանակ՝ 1:0 հօգուտ՝ Հայաստանի»: