Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր Վրաստանում տարերային աղետի հետևանքով կորցրել են հարազատներին ու մերձավորներին»: Այդ մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ- ին:

 

Նրա խոսքով՝ Պուտինը նաև «զորակցություն է հայտնել նրանց, ովքեր տուժել են, զրկվել օթևանից»:

 

Պեսկովը հիշեցրել է, որ «Ռուսաստանի արտակարգ իրավիճակներին նախարարությունն արդեն Վրաստանին օգնություն է առաջարկել տարերային աղետի հետևանքների վերացման համար:

 

Հունիսի 15-ին Վրաստանում Սգո օր է հայտարարված նախօրյակին ժամանակակից Թբիլիսիի պատմության ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղից զոհվածների հիշատակին: Հանրապետության ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 12 մարդ, անհետ կորել է 24 բնակիչ:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ տարերքի պատճառած վնասը կազմել է շուրջ 50 մլն վրացական լարի (23 մլն դոլար)»:

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել երկրի զինված ուժերը տեղատարափի և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքների վերացման համար օգտագործելու մասին:

 

Կարկուտով և քամիով ուղեկցվող տեղատարափը Թբիլիսիում մոլեգնել է լույս հունիսի 14-ի գիշերը: Դրա հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ճանապարհներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան հայտնել է 12 զոհվածների մասին, սակայն վրացական ԶԼՄ-ները ժամ առ ժամ հայտնում են գտնված նոր զոհերի մասին: Ավելի քան 260 մարդ անօթևան է մնացել, 24 բնակիչ անհետ կորած է համարվում: Ավերվել է կենդանաբանական այգին, որտեղից փախել են 30-ից ավելի գիշատիչներ, այդ թվում՝ գայլեր, առյուծներ, արջեր, սատկել են 300-ից ավելի կենդանիներ: Տարերքի պատճառած վնասը գերազանցում է 20 մլն դոլարը: