Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության իրավաբանների խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ևս մեկ անգամ ընդգծել է կաթողիկոսության և անձամբ Արամ Առաջինի՝ Սիսի կաթողիկոսական կալվածքը հետ բերելու առնչությամբ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իրավաբանները, վկայակոչելով Արամ Ա կաթողիկոսի հարցազրույցները, ներկայացրել են այն ուղիները, որոնցով պետք է առաջնորդվել:

 

 

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից իրավական քայլի դիմելու շարժառիթը հայ եկեղեցու և ժողովրդի համար Սիսի կաթողիկոսարանի ներկայացրած պատմական և կրոնական նշանակությունն է, ինչպես նաև նրա վերադարձի յուրահատուկ կարևորությունը Հայոց ցեղասպանության պահանջատիրության շրջագծում: Դատն իրավական երկու հիմք ունի՝ կաթողիկոսարանի կալվածքային իրավունքի և կաթողիկոսարանի կրոնական պաշտամունքի իրավունքի վերահաստատում: Կաթողիկոսարանի կալվածքային սեփականության իրավունքը, թուրքական օրենքների համաձայն, իրավական գործընթացներում կարող է հատուցման հարցեր առաջացնել, սակայն կրոնական պաշտամունքի իրավունքը, բոլորովին տարբեր խնդիր լինելով, կարող է լուծում գտնել միայն Սիսի կաթողիկոսարանի կալվածքի վերադարձով»,- ասված է հայտարարության մեջ: Իրավաբանները շեշտում են, որ սկզբունքային և իրավական այս մոտեցման առնչությամբ հնարավոր չէ բանակցություններ վարել: Հետևաբար, եթե թուրքական դատարանը մերժի կամ թուրքական կառավարությունը չվերադարձնի Սիսի կաթողիկոսարանի կալվածքը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավաբանները շեշտել են, որ դատ ական թղթածրարը բարդ ու զգայուն խնդիրներ է պարունակում, հետևաբար ձեռնտու չէ, որպեսզի դատին առնչվող բոլոր մանրամասները հրապարակվեն: Նրանք նաև շեշտել են, որ դատավարության մեկնարկի առնչությամբ մամուլի անհիմն մեկնաբանությունները չեն նպաստում այդ պատմական նախաձեռնության հաջող ընթացքին:

 

 

«Ինչպես ակնարկեցինք, դատավարական ընթացքը բազմաթիվ խոչընդոտների և մարտահրավերների է դիմագրավելու՝ նկատի ունենալով նրա պատմական, իրավական ու քաղաքական ենթահողն ու հետևանքները: Ցանկանում ենք շեշտել, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շարունակելու է դիմել իրավական բոլոր հնարավոր միջոցներին Սիսի կաթողիկոսական կալվածքի վերադարձի համար՝ որպես առաջին հանգրվան եկեղեցապատկան ու ազգապատկան բոլոր կալվածքների իր պահանջի»,- ասված է հայտարարության մեջ: