Ֆրանսիայի խորհրդարանում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության խնդրին և հետևանքների վերացմանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խոսել է Սիսի կաթողիկոարանի վերադարձի պահանջի մասին և շեշտել, որ կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք նպատակը հստակ է և անբեկանելի: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Անթիլիասի մամլո դիվանից, կաթողիկոսն ասել է, որ դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի նպատակի հետ: «Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային երկու մոտեցում կա' կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը և կաթողիկոսարանից ներս կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերհաստատում: Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը մեր բոլոր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների պահանջի առաջին քայլն է»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:
Քննարկմանը վեհափառը ներկայացրել է միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթղեր, որոնք վերաբերում են հատուցման հարցին: Վեհափառը ներկայացրել է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայցի վերաբերյալ մանրամասներ:
«Մեր դատը սովորական չէ, այն հող վերադարձնելու մասնավոր դատ չէ: Նկատի ունենալով Կիլիկիայի կաթողիկոսարանի կրոնական, ազգային և քաղաքական իմաստը և նրա ունեցած խորհրդանշական մեծ կարևորությունը, մենք ցանկացանք այն նկատի առնել որպես առաջին հանգրվան մեր եկեղեցապատկան և ազգապատկան կալվածների վերադարձի պահանջին: Մեր մոտեցման մեջ ռազմավարական և մարտավարական տվյալները առավելագույն չափով սերտել է մասնագետներից կազմված հանձախումբը: Նրանք նաև ուսումնասիրել են առկա իրավական և քաղաքական խոչընդոտները»,- ասել է կաթողիկոսը' հավելելով, որ հավատում է' իրավական այս քայլը նոր ուժ պետք է հաղորդի հայոց պահանջատիրությանը: