Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի հարցով թուրքական դատարան հայց կներկայացնի: Վեհափառի գնահատմամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարքում այս դատը եզակի տեղ է գրավելու:

 

Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստում: «Դատական հայցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայապատկան կալվածքների վերադարձի հարցի վրա՝ Ցեղասպանության համար հատուցման համատեքստում»,- ասել է Կիլիկիո կաթողիկոսը՝ նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում հարցի վերաբերյալ մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային իրավունքի մասնագետների հետ:

 

 

Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին՝ անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,- ասել է նա:

 

Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում և հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը:

 

 

Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:

 

 

Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին, Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում: