Դամասկոսի մերձակայքում գտնվող Մաալուլա գյուղաքաղաքում 13 զինյալներ հանձնվել են իրավասու մարմիններին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից մինչև մարտի 10-ը 447 զինյալներ հանձնվել են իշխանություններին:
Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Յաբրուդ քաղաքի Ռաս ալ Այն գյուղաքաղաքում: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են զինյալների թաքստոցները: Ռազմական գործողությունները զինյալների դեմ շարունակվել են Ադրա քաղաքում, Դումա, Արաբին, Ջոբար շրջաններում, ոչնչացվել է զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքերը: Մուլհիե գյուղում 12 զինյալներ են սպանվել:
Բախումները զինյալների դեմ շարունակվել են Հալեպում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Քուիրս, Արբիդ, Ռասմ ալ Աբուդ, Ջաբալիա, Զիրաա գյուղերում: «Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպի Քարամ ալ Բիք թաղամասում հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Հրթիռներից երկուսն ընկել են հացի փռի մերձակայքում, որտեղ տասնյակ մարդիկ հաց էին գնում: Աղբյուրի տեղեկացմամբ, ռմբակոծվել է նաև Բուսթան ալ Բաշա թաղամասը: Սիրիայում մարտի 18-ին զոհվել է 76 մարդ, որոնց թվում՝ 11 երեխաներ: