«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը բացահայտ հայտարարում է ԱՊՀ-ում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

«Կցանկանայի ուշադրություն հրավիրել միջազգային ահաբեկչության ազդեցության գոտու ընդլայնման և ակտիվացման գործընթացի վրա: Այժմ նրա միջուկն է «Իսլամական պետությունը», որը բազաներ է ստեղծում աշխարհի տարբեր շրջաններում և բացահայտ հայտարարում է ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածքում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին»,- նշել է ԱԴԾ ղեկավարը:

 

 

Բորտնիկովն անհրաժեշտ է համարում ուժեղացնել համագործակցությունն այն երկրների հատուկ ծառայությունների հետ, որոնց տարածքներում ԻՊ-ի անդամները ստեղծում են իրենց ճամբարներն ու բազաները:

 

 

«Այս կապակցությամբ անհրաժեշտ է զարգացնել և ամրապնդել Հակաահաբեկչական կենտրոնի փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, առաջին հերթին' այն երկրների իրավասու մարմինների հետ, որոնց տարածքում ԻՊ-ի պատվիրակները ստեղծում են իրենց ճամբարներն ու բազաները»,- ասել է Բորտնիկովը: