ՀՀ կառավարությունը Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, կառավարությունն այս որոշմամբ երկու հարց է լուծում. նախ՝ բնակարանով ապահովում է այն ընտանիքներին, որոնք հրդեհի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, երկրորդ՝ լուծվում է Մեղրիի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը:

 

 

Հրդեհից տուժածներին մարզպետն այժմ տեղավորել է ժամանակավոր կացարաններում, և նրանց հարցը շատ արագ պետք է լուծվի:

 

 

Վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է շուտափույթ կարգավորել բոլոր իրավական-տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված ընտանիքներն հնարավորինս արագ տեղավորվեն նոր բնակարաններում: