Նոյեմբերի 2-ին ջրատարի վթարի հետեւանքով Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենքում տուժած 17 բնակարանների տերերը կստանան փոխհատուցում' 2,5-ից մինչեւ 5 մլն դրամի չափով' կախված վնասված գույքի չափից, բնակարանի մակերեսից ու վնասվածության աստիճանից:
«Շենքի տանիքի, շքամուտքի, բակի եւ մարզադաշտի վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների չափը դեռեւս ճշտվում է, որոնց համար կկատարվեն նաեւ նախագծանախահաշվային աշխատանքներ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Նախնական հաշվարկներով' որպես փոխհատուցում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կվճարի 110 մլն դրամ:
Վերջնական արձանագրությունները դեռեւս պատրաստ չեն, դրանք վթարի ճշտված պատճառների, հետեւանքների հետ կներկայացվեն «Հայջրմուղկոյուղու»-ն: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոստացել է հետամուտ լինել, որպեսզի փոխհտուցման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն ժամանակին: Վթարից վնասված շենքում առայժմ վերականգնվել է գազամատակարարումը, իսկ էներգամատակարումը' անվտանգությունից ելնելով, կվերականգնվի ավելի ուշ:
Մինչ այդ բնակարաններում խոնավ պատերը չորացնելու նպատակով քաղաքապետարանը բնակիչներին բաժանել է վառարաններ եւ տրամադրել վառելափայտ: Քանի որ բնակարաններում գիշերել առայժմ հնարավոր չէ, անվտանգության աշխատակիցների կողմից գիշերները հսկվում է շենքի տարածքը:
Գոհար Իսախանյան