Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենքի բնակիչները, ում բնակարանները նոյեմբերի 2-ին տուժել էին ջրատարի վթարից, նոյեմբերի 5-ին հանդիպեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

 

Քաղաքապետին ներկայացնելով իրենց մտահոգությունները' բնակիչները նշեցին, որ վթարից անցել է մի քանի օր, սակայն ի հայտ են գալիս նոր խնդիրներ' ուռչում է մանրահատակը, ձեւափոխվում ապակիների ու դռների շրջանակները, իսկ ջրերը դեռեւս շարունակում են կաթել առաստաղներից:

 

Քաղաքապետը հավաստիացրեց, որ այդ վնասները եւս հաշվարկվելու ու փոխհատուցվելու են' զբաղեցրած բնակտարածքին ու գույքին հասցված վնասի հետ միասին: Հանդիպման ընթացքում Աշոտ Հայրապետյանը մեկ անգամ եւս ճշտեց, որ բոլոր ընտանիքներն ապահովված են կացարանով, եւ որ ցանկացողներին տրամադրված է վառարան եւ վառելափայտ, շենքում վերականգնված է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, որով բնակիչները կարողանում են չորացնել խոնավ պատերը:

 

Քաղաքապետը հավաստիացրեց, որ այս օրերին ծախսած գազի ու էներգիայի համար եւս փոխհատուցվելու են բնակիչները: Համայնքի ղեկա վարը բնակիչներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին փախհատուցման գումարները կարող են ստանալ բանկից, որտեղ յուրաքանչյուրի անունով բացվելու է հաշվեհամար, եւ հորդորեց, որ բոլորը կարգավորեն սեփականության վկայականները, ձեռք բերեն համասեփականատերերի համաձայնությունը' գումարները ժամանակին ստանալու համար:

 

«Հնարավորության սահմաններում փորձում ենք օգնել ձեզ, դա մեր պարտականությւոնն է: Մինչ այժմ մեզ հաջողվել է առաջին անհրաժեշտ բոլոր խնդիրները լուծել' ապահովել մադկանց անվտանոգությունը, նորոգել տանիքը, իրականացնել մաքրման աշխատանքներ եւ այլն: Մնացած ամեն ինչը եւս արվելու է. կարեւորը, որ պատահարի հետեւանքով մարդակային անդառնալի կորուստներ չունեցանք», - ասաց քաղաքապետը:

 

Գոհար Իսախանյան