Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նոյեմբերի 12-ին հանդիպեց քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 17 շենքի բնակիչների հետ եւ ըստ հասցեների ներկայացրեց հանձնաժողովի կողմից հաշվարկված' ջրատարի վթարի հետեւանքով նրանց գույքին եւ բնակարանին հասցված վնասի չափերը:
Քաղաքապետի տեղեկացմամբ' վթարի հետեւանքով գույքին հասցված վնասը կազմել է 25 մլն 274 հազ. դրամ, բնակարանին հասցված վնասը' 32 մլն 260 հազ. դրամ, 6 մեքենայի վնասը' 2 մլն 200 հազ. դրամ: Եվս 910 հազ. դրամ գումար հաշվարկվել է լրացուցիչ ծախսերի համար: Հաշվարկները կատարվել են վթարից տուժած 26 բնակարանների համար:
Չնայած կրած վնասի չափերը գնահատելիս հանձնաժողովն աշխատել էր բնակիչների հետ միասին, սակայն երկու բնակարանների սեփականատերեր հայտնեցին իրենց դժգոհությունը: Աշոտ Հայրապետյանը նրանց հետ խնդիրը քննարկեց առանձին: Քաղաքապետը բնակիչներին նորից հիշեցրեց, որ գումարը ստանալիս անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր բնակարանի համար առկա լինեն բոլոր համասեփականատերերի համաձայնությունները:
Հանդիպմանը ներկա էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենը, իրավաբանական եւ տեխնիկական վարչությունների, ծախսերի վերահսկման բաժնի պատասխանատուները: Մասնակցում էին նաեւ ընկերության «Կապան» մասնաճյուղի ներկայացուցնչները:
Գոհար Իսախանյան