ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն' այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։

Դերենիկ Դումանյանը մեկ առ մեկ զրուցեց կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները, ցուցաբերվող բժշկական օգնությունը, քննարկեցին հետագա բուժման տակտիկան։ Նաև զեկուցեցին, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և լուծույթներով։

Տեղեկացնենք, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել է մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին' բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։ Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Իսկ մեկը տեղափոխվել է «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա' ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։

Ներկայումս 18 տուժածներից «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվողներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը' միջին ծանրության։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող 2 և «Հերացի» հիվանդանոցային համալիրում գտնվող 1 տուժածի վիճակը նույնպես գնահատվում է միջին ծանրության։ Դիլիջանի ԲԿ-ում ապաքինվող 4 տուժածի վիճակը բավարար է։ Մյուս 5 տուժածը բուժումը կշարունակի տնային պայմաններում։

Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։