«Կարծում եմ' չափից ավելի քաղաքական էրոտիկա և էյֆորիա է ՝ անձի վրա ուշադրությունը բևեռելու առումով: Ռուսաստանին նման մահափորձը բացարձակ պետք չէր, մանավանդ որ հայ-ռուսական հարաբերությունները լավ մակարդակի վրա չեն: Ռուս դեսպանին պետք է հեռացնել, որովհետև նա էմիգրացիոն ծրագիրն իրականացնելուց բացի, ոչինչ չի անում»,- այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վարկածները:
Նրա խոսքով՝ այդ մահափորձի մեջ ոչ մի կապ չունեն ռուսական հատուկ ծառայությունները, իսկ Հայրիկյանի որոշումը նա գնահատեց որպես իշխանությունների հետ անդրկուլիսյան կոմպրոմիսի արդյունք, և թե ինչպես իշխանությունները դա կգնահատեն, դա այլ հարց է, բայց մարքսիստի կարծիքով՝ Պարույր Հայրիկյանը կարող էր մեկ ակնթարթում պատմության ընթացքի վրա խթանող ազդեցություն ունենալ: Դավիթ Հակոբյանը' որպես բժիշկ, նկատում է, որ ցավազրկումից ու նման վիրահատությունից հետո առնվազն մեկ ամիս էր անհրաժեշտ, իսկ հոգեբանական ազդեցությունը վերացնելու համար ևս մեկ ամիս էր անհրաժեշտ, որպեսզի բժշկական փորձաքննությունը թույլ տար Պարույր Հայրիկյանին ապաքինվել լիարժեք ու անցնել ընտրարշավի:
«Բայց վիրահատությունից երկու օր անց միանգամից դառնալ Դոն Կիխոտի նման հերոս, նիզակն առնել ու ասել, թե գնում եմ ընտրարշավ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանությունների հետ կոմպրոմիս: Ժողովուրդը իսկապես ցանկանում էր, որ նա հայտարարի նոր ընտրությունների մասին, բայց Հայրիկյանը այդ սողանքից չօգտվեց: Եթե դա անհատական տեռոր չէ՝ կապված անհատական մարդկային հարաբերությունների հետ, ու եթե դա քաղաքական տեռոր է, որի հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, ապա պատվիրատուները արտաքին կենտրոնները չեն, դա շոու էր, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն: Հայրիկյանը նույնիսկ չգիտի, թե որն է ռուսական իմպերիալիզմը,- կարծիք հայտնեց Դավիթ Հակոբյանը ու շարունակեց:- Ես տեսա, որ Հայրիկյանի մոտ մտնում են բոլորը' առանց թանզիֆե գլխարկի, խալաթի, ու նրա հիվանդասենյակը դարձել էր «Շարաշկինա կանտորա»:
«Այս տեռորով Հայաստանի երրորդ հանրապետությունը վերջնականապես սպառեց իրեն: Այսօր սկսվում է չորրորդ հանրապետության երկունքը», -կարծում է Դավիթ Հակոբյանը: Ըստ մարքսիստի՝ քաղաքական դաշտը վերածվել է խեղկատակության, որի մեղավորը իշխանությունն է: Այսօր իրական ծրագրերի փոխարեն լսում ենք թեկնածուների սոցիալական նազանքներով ճառերը: Չկա քաղաքական դիսկուրս թեկնածուների միջև, որ ժողովուրդը կարողանա համեմատել թեկնածուներին ու ընտրություն կատարի: Բոլորին պետք է միևնույն լսարանն, այնինչ այս ընտրություններում բացարձակ չկան հավասար պայմաններ: Այնպես որ, այդ մահափորձի պատասխանատուն հենց պետական մեխանիզմն է:
Ըստ նրա, քաղաքական միգամածությունը վերացնելու համար խիստ անհրաժեշտ է կուսակցական բարեփոխում, բոլոր կուսակցություններին պետք է վերագրանցել ու կուսակցությունների թիվը դարձնել երկու-երեք՝ ըստ գաղափարական հոսանքների:
«Բայց մի թեկնածու կա, ով քաղաքականության մարդ չլինելով' տնտեսագիտական ստրատեգիայի առումով շատ առողջ բանականություն է դրսևորում»,- ասաց Դավիթ Հակոբյանը՝ չնշելով թեկնածուի անունը, բայց հավելելով, որ դա դասական լիբերալիզմի ջատագով Հրանտ Բագրատյանը չէ:
Նա, ուշադրություն դարձնելով Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին, համոզմունք է հայտնում, որ «եթե մենք չենք գնում Ռուսաստան, ապա Ռուսաստանն է գալու մեզ մոտ»:
«Արցախյան հիմնախնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Կարծում եմ՝ Արցախը կլինի Ռուսաստանի կազմում որպես ներքին քաղաքական սուբյեկտ: Արևմուտքը երբեք չի ընդունի երկրորդ քաղաքական պետության ստեղծումը, այնպես որ մեզ անհրաժեշտ է պատմաաշխարհագրական տարածքային ամբողջականությունը: Մենք այսօր ստիպված ենք գիտության դոկտորներին ու թեկնածուներին տանել բանակ, պետք չէ Ռուսաստանի հետ զբաղվել շառլատանությամբ»,- նշեց նա:
Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ նա կարծիք հայտնեց, որ հացադուլը սոցիալական ըմբոստության ձև է, ոչ թե քաղաքական պայքարի ձև: Այս տեսակետից Անդրիաս Ղուկասյանը սխալ է ընտրել իր պայքարի միջոցը:
Մելանյա Մելքումյան