Մի շարք հեղինակավոր համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային:
The Washington Post-ը գրում է. «Մոտ 5000 ցուցարար երկուշաբթի քայլել է դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից: Ցուցարարներն այնուհետև նստել են ճանապարհին՝ արգելափակելով երթևեկությունը: Ոստիկանությունը ցույցը ցրելու նախազգուշացում է արել: Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարությունը վերանայի որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ»:
Associated Press-ը գրում է, որ Երևանում ոստիկանությունը ցրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին, ովքեր արգելափակել էին կենտրոնական պողոտան՝ ձերբակալելով ավելի քան 200 մարդու:
«Ցույցի և այն ցրելու մասշտաբներն արտացոլում են Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենալուրջ անկարգությունները՝ մտահոգություններ առաջացնելով ռուսական ռազմաբազան տեղակայած և Մոսկվայի կողմից գլխավորած տնտեսական դաշինքի անդամ հանդիսացող երկրում քաղաքական կայունության մասին»,- գրում է գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ «դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը կաղում է ԼՂ հակամարտության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների տևական շրջափակման պատճառով»:
«Բողոքի ցույցի հիմքում, որը կազմակերպվել էր անկուսակցական երիտասարդ ակտիվիստների կողմից, ընկած է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցած շաբաթվա որոշումը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին»,- գրում է Reutersգործակալությունը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Հայաստանի վրա բացասական ազդեցություն է թողել Ռուսաստանում տնտեսական անկումը, որը վնասել է արտահանմանը և հայ աշխատողների ուղարկած դրամային փոխանցումներին:
Բրիտանական BBC-ն նշում է 5.000 ցուցարարի մասին և գրում կատաղի բախումների մասին: BBC-ի Հարավային Կովկասի հարցերով լրագրող Ռայան Դեմիտրին նշում է, որ «Հայաստանի էլեկտրացանցերը» պատկանում է ռուսական ընկերությանը, որն ասում է, որ գների բարձրացումն անհրաժեշտություն է: Նա հավելում է, որ վերջին շաբաթների ընթացքում մի շարք ցույցեր են եղել Երևանում, որոնք արտահայտում են հանրային դժգոհությունը երկրի անկայուն տնտեսության առումով:
BBC-ն նաև նշում է, որ ցույցը կազմակերպել են երիտասարդ ակտիվիստները, ովքեր կապ չունեն քաղաքական կուսակցությունների հետ: BBC-ն նաև նշում է, որ նմանատիպ ցույց է կազմակերպվել նաև Գյումրի քաղաքում, որտեղ 12 մարդ է ձերբակալվել:
ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ հայտնում է 237 ձերբակալածի, 18 վիրավորի մասին: Նշվում է նաև 11 վիրավոր ոստիկանների մասին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից առգրավել է դանակներ, կռփազենքեր (կաստետներ), մահակներ, մետաղական ձողեր: