Այն, որ հանրապետությունը գրեթե վերջին կես ամսվա ընթացքում հայտնվել է մի իրավիճակում, երբ բառացիորեն ամեն օր ստիպված է լինում բախվել սեփական կայունությանն ու անվտանգությանը սպառնացող խնդիրների ու հերոսաբար դիմակայել դրանց, այլևս ցավալի, բայց կայացած իրողություն է. դժվար կարելի է հիշել մեր նորանկախ պատմության մեջ էլի նմանատիպ օրեր' նման այն օրերին, որ հիմա ապրում է ողջ պետական համակարգն ու բովանդակ հանրությունը:


Պարզվում է, սակայն, որ կառավարությունում ոմանք ոչ միայն առանձնապես հակված չեն ի վնաս սեփական կյանքի որակի լարել նյարդերն ու մի հնար մոգոնել' ստեղծված խրթին իրավիճակից երկիրը դուրս բերելու համար, այլև վայելում են այն կարիերային աճը, որ առատաձեռնորեն ընձեռում են իրենց վերադասները: Եվ այսպես' պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը, իսկ սույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:


Ի դեպ, նշենք, որ այս հիմնադրամի ստեղծման նպատակով 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 103 մլն 500 հազար դրամ գումար: Այս ողջ պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ որպես պաշտոնական հիմնավորում բերվում է այն թեզը, թե փորձել են Վրաստանի հաջողված փորձը կիրառել Հայաստանում ու նույն գործիքակազմի օգնությամբ խթանել գյուղմթերքի արտահանման ծավալները. Վրաստանում բավական տպավորիչ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում, ու ընդամենը հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի:


Իհարկե ոչ մեկ դեմ չէ, մեր անուշահամ գինիների փառքը աշխարհով մեկ տարածելուն, թեպետ դեռևս մեծագույն հարցականի տակ է նորաստեղծ կառույցի օգտակար գործողության գործակիցը, բայց երբ փորձում ես այս ամենը դիտարկել երկրում ընթացող պրոցեսների համատեքստում ու հասկանալ, թե արդյոք վերևներում գոնե ինչ-որ հետևություններ անո՞ւմ են այն ամենից, ինչ կատարվում է ասենք Սարի Թաղում, հասկանում ես' դժվար թե:


Լա՛վ, մի՞թե այս «նեղ-մաջալին», երբ երկիրը, ինչպես ասում են, ոտքի հետ գնում է, երբ ամեն րոպե Հայաստանի գլխին կախված է մնում քաղաքացիական պատերազմի վտանգը, Սերգո Կարապետյանիկարիերայի աճի խնդիրը լուծելու ժամանակն էր, մի՞թե այն հասարակական-քաղաքական ճգնաժամի ֆոնին, որ հետզհետե հասունանում է երկրում, ինչ-որ խմիչքների թեմա արծարծելու ճիշտ պահն է: Եթե կառավարությունը գյուղատնտեսության մասին մտածող էր՝ թո՛ղ վերջին մի քանի տարիների ընթացքում մտածեր ու նախ' լուծեր գյուղացու մթերքն անվտանգ պահելու հարցը, որ ամեն մի ամպրոպից մարդկանց սրտները չթուլանա, թե կարող են կորցնել ողջ բերքը, հետո միայն ձեռնամուխ լիներ Վրաստանից օրինակ վերցնելուն:

 

Հիմա որ մի շարք զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում հոգաբարձուների խորհուրդ չկա, պակա՞ս են ծաղկեցնում ոլորտը. մարդիկ ոչ թե գիշեր ու ցերեկ մտածում են' ինչպես անեն, որ մի քանի պաշտոնյաների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծեն (հատկապես զարտուղի), այլ պարզապես իրենց գործն անում են արդարամտորեն, առանց չարաշահումների:


Թեկուզ հազար հատ էլ հոգաբարձուների խորհուրդ էլ ստեղծվի ու հազար անգամ էլ Սերգո Կարապետյանին նշանակեն դրանց նախագահ, հավատացնում ենք' զրո արդյունք ենք ունենալու. մի՞թե այսքան ժամանակ պարզ չդարձավ' կադրերն են որոշում ամեն ինչ, իսկ մեր երկրում պետական ապարատում աշխատող կադրերի բացարձակ մեծամասնությունը (այդ թվում և նախարարաներ ու դրանց տեղակալներ) վաղուց սպառել են իրենց' բազմիցս փաստելով, որ արատավոր համակարգի մի մասնիկն են լոկ' հավատարիմ կիրառվող այն քառակի ստանդարտներին, որ դարձել են պետական ավանդույթի մի արգահատելի մաս. խնդիրը մարդկանց աշխատանքի արդյունավետության մեջ է,այլ ոչ թե նորանոր հոգաբարձուների խորհուրդների…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ